Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան դատարանը Իրանին պարտավորեցրել է ավելի քան 10.5 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին։
Նյու Յորքի շրջանային դատավոր Ջորջ Դենիելսի որոշման համաձայն, այդ գումարից 7.5 միլիարդ դոլարն ուղղվելու է Համաշխարհային առևտրային կենտրոնի ու Պենտագոնի շենքի վրա հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Բացի դրանից, 3 միլիարդ դոլար ուղղվելու է ապահովագրական ընկերություններին, որոնց թվում է նաև Chubb ապահովագրական ընկերությունը։ Ավելի վաղ Դենիելսն ընդունել էր, որ Իրանը չի կարողացել արդարանալ այն մեղադրանքից, որ օգնել է 19 ահաբեկիչներին, որոնք 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչություններ են իրականացրել Նյու Յորքում, Վաշինգտոնում ու Փենսիլվանիա նահանգում, որոնց հետևանքով զոհվել է 2977 մարդ։
Այդպիսով դատավորը եզրակացրել է, որ Թեհրանը պետք է պատասխանատվություն կրի ահաբեկչությունների պատճառած վնասի համար։







































