Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր երկօրյա այցով մեկնում է Իրան։ Ակնկալվում է, որ նա Իրանում բանակցություններ է վարելու այդ երկրի նախագահ Հասան Ռուհանիի հետ։
Այդ հանդիպումներում Մերձավոր Արևելքում երկու խոշորագույն խաղացողների պաշտոնատար անձինք քննարկելու են տարածաշրջանային հարցեր, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև մարտի 9-ին Ժնևում մեկնարկող խաղաղության առաջիկա բանակցություններին։
Թուրքական մամուլի համաձայն՝ Դավութօղլուն Իրան մեկնելուց առաջ անսպասելիորեն այցելել է երկրի հարավարևելյան հատվածում գտնվող քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջան, որը մեծապես տուժել է վերջին շրջանում այստեղ թուրք ուժայինների ձեռնարկած հատուկ գործողություններից։ Դավութօղլուն այստեղ հանդիպել է տեղաբնակների հետ և ընդգծել, որ այդ գործողությունը միտված է եղել անվտանգության ապահովմանը։





































