Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով մաքսային և հարկային կառույցներն առանձնացվել են ՀՀ ֆինանսների նախարարությունից. միավորում տեղի էր ունեցել 2014թ.:
Անդրադառնալով այս փաստին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս փոփոխությունը տեղին է. «Տարանջատումը շատ տրամաբանական էր: Կարծում եմ, որ ճիշտ չէ այդ երկու կառույցների մի տեղում գտնվելը, դրանք պետք է անջատ լինեն, որպեսզի վերահսկողությունն ավելի լիարժեք լինի»: Նրա խոսքով՝ բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք լուծելու համար հաճախ անհրաժեշտ են նաև «վիրահատական միջամտություններ»:
Անդրադառնալով այն տեսակետին, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն այս քայլով իր անվստահությունն է հայտնում Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, Արմեն Ռուստամյանը նշեց. «Ես չէի ասի, որ անվստահության լայնամասշտաբ ընկալում պետք է առաջացնի այդ հարցը, բայց գոյություն ունի խնդիրը վերանայելու և արմատական փոփոխությունների անհրաժեշտություն, այդ հարցերը նաև կառավարությունում են քննարկվել, և վարչապետը ներկա է եղել բանակցություններին»:
Արմեն Ռուստամյանի հավաստմամբ, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրի համաձայն՝ գործակցությունը բոլոր ոլորտներում և մակարդակներում է դրսևորվելու: ՀՀ Ֆինանսների նախարարության վերակազմավորման արդյունքում չի բացառվում, որ ՀՅԴ-ն նոր պաշտոններ կստանա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































