Բրիտանացի կառավարական փորձագետներն առաջին անգամ մեկնաբանել են ԵՄ կազմից երկրի հնարավոր ելքը: Ըստ նրանց՝ տնտեսության և առևտրի վերականգնման համար պահանջվելիք հայտարարված 2 տարվա փոխարեն՝ Բրիտանիայից կպահանջվի առնվազն 10 տարի: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում երկրին մոտ 10 տարի կպահանջվի՝ մայրցամաքային Եվրոպայի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունները վերականգնելու համար: Ըստ փորձագետների զեկույցի՝ «անորոշության» տարիներին կարող են տուժել բրիտանական տնտեսության բոլոր առաջատար ոլորտները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ֆինանսական ծառայությունները:
Զեկույցը պատրաստել են վարչապետ Դևիդ Քեմերոնի վարչակազմի փորձագետները:
ԵՄ-ի հետ կապերի խզման նկատմամբ առավել խոցելի ոլորտների թվում գրասենյակի փորձագետները նշում են ավտոմոբիլային արտադրությունը, ֆինանսական շուկաները և ներդրումները, լուրջ ճնշում կլինի նաև ֆունտ ստերլինգի փոխարժեքի վրա:
Բրիտանիայի տնտեսության վնասը գրասենյակի փորձագետները չեն գնահատել, բայց նշել են, որ ԵՄ-ի հետ առևտուրն ուղղակի կամ անուղղակի կապված է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի 12,6%-ի հետ:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի 2016թ. հունիսի 23-ին:





































