2015թ. կարևոր ձեռքբերումներից մեկը կապված է TANAP («Անդրանատոլիական» գազատար) նախագծի հիմքը դնելու հետ: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի շրջանակներում նախարարների երկրորդ նիստում:
Անցած տարի Թուրքիայի Կարս նահանգում տեղի է ունեցել TANAP-ի հիմքը դնելու արարողությունը՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:
«Վստահ եմ, որ Խորհրդատվական խորհրդի այսօրվա նիստում Դուք նաև կբարձրացնեք հարցեր, որոնց լուծումը սպասվում է 2016թ.: 2016թ. կարևոր է տվյալ նախագծի իրագործման գործում… Կարող են լինել որոշ ձգձգումներ, ներքին խոչընդոտներ: Սակայն կարծում եմ՝ մեր երկրների կառավարությունները կօգտագործեն բոլոր հնարավորությունները այդ խոչընդոտները հաղթահարելու համար»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր պատասխանատու է իր տարածքում նախագծի իրագործման համար: «Կարծում եմ՝ 2016թ. կարևոր կլինի այդ առումով»,- նշել է Ադրբեջանի նախագահը:









































