Արդեն երկար ժամանակ է՝ վիճում են այն հարցի շուրջ, թե ֆիլմերն ու երաժշտությունը ինչպես են ազդում երեխաների վրա: Պարզվում է, որ ռեփի պատճառով դեռահասները ավելի վաղ են սկսում զբաղվել սեքսով և օգտագործել ալկոհոլ՝ գրում է The Daily Mail-ը:
Տեխասի համալսարանի հետազոտողները 2 տարի հետևել են 443 դպրոցականի: Կամավորները պատմել են, թե որքան հաճախ են ռեփ լսել: Բացի այդ, գիտնականները պարզել են, թե նրանցից ով է համարում, որ իրենց 13-16 տարեկան հասակակիցները սեքսով են զբաղվում:
Պարզվել է, որ 7-րդ դասարանցի մասնակիցները, ովքեր օրը 3 ժամից ավելի ռեփ են լսել, 2 տարի անց 2.6 անգամ ավելի հաճախ են ունեցել սեռական հարաբերություններ: Միաժամանակ՝ ովքեր ենթադրել են, որ հասակակիցները սեքսով են զբաղվում, 2.5 անգամ ավելի հաճախակի դրանով իրենք են զբաղվել:
Մասնագետների կարծիքով՝ այլ ոճերի համեմատ՝ ռեփ-կոմպոզիցիաների տեքստերն ավելի բաց են: Հավանաբար դրանք լսելիս դեռահասները ընկերներին հարցնում են, թե նրանք զբաղվո՞ւմ են սեքսով: Եթե ընկերները դա անում են, ապա իրենք էլ են որոշում հետևել նրանց օրինակին:









































