Իրանի և «վեցնյակի» երկրների միջև ձեռք բերված համաձայնությունն իրանական ատոմի երկարատև խնդրի շուրջ մեծ նշանակություն ունի միջուկային զենքի չտարածման և տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում: Այդ համաձայնությունը պետք է դիտել որպես ելակետ: Այդ մասին Բաքու այցելության նախաշեմին Trend-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքերով՝ վերջին յոթ ամիսներն իսկապես դարձան տարածաշրջանային գործընթացի նոր փուլ:
«Մեզ վերջապես հաջողվեց բանակցությունների սեղանի մոտ նստեցնել սիրիական հակամարտության մեջ ներքաշված բոլոր երկրների ներկայացուցիչներին հակամարտության լուծման բոլոր հնարավոր ուղիները քննարկելու համար: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է բոլորի համար վերջ տալ այդ պատերազմին. ձեզ շատ լավ հայտնի է, թե ինչպես է այդ պատերազմն ապակայունացնում տարածաշրջանում իրավիճակը»,- ասել է նա:
Մոգերինիի խոսքերով՝ ԵՄ-ն սկսել է Իրանի հետ երկկողմանի հարաբերությունները:
«Մի քանի օր առաջ ես Բրյուսելում հանդիպեցի Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ, որպեսզի քննարկեմ տարածաշրջանային համագործակցության և երկկողմ մակարդակով համագործոկցության հարցերը: Ես ծրագրում եմ մոտ ժամանակներում ԵՄ այլ ներկայացուցիչների հետ մեկնել Թեհրան: Մենք բոլորս ուզում ենք վերականգնել ամուր տնտեսական կապերն Իրանի հետ»,- ասել է նա:








































