ՌԴ-ն և ԱՄՆ-ը Սիրիայում իրադրության քարտեզներ են փոխանակել, որոնցում պատկերված են կրակի դադարեցման ռեժիմում ներգրավված շրջանները, նաև զինված խմբավորումների տեղակայման վայրերը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը:
«Հատուկ տեղեկատվության փոխանակման համար ամերիկացի գործընկերների հետ մշակվել է Սիրիայում իրադրության քարտեզ, որը փոխանցվել է ամերիկյան կողմին Ամմանում փետրվարի 26-ին երկկողմ խորհրդակցությունների ընթացքում, նաև ռազմա-դիվանագիտական ուղիներով: Դրա վրա պատկերված են շրջանները, որտեղ հակամարտության կողմերի հաշտեցման աշխատանք է կատարվում, սիրիական կառավարական զորքերը, քրդական, նշված են ԴԱԻՇ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների ձեռքում գտնվող շրջանները և այլ զինված կազմավորումների կողմից վերահսկվող տարածքները»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ ներկայացուցիչներին է հասցվել զինված կազմավորումների ցուցակ՝ ընդհանուր թվով 6111 մարդ, որոնք միացել են կրակի դադարեցման ռեժիմին, նաև 74 բնակավայրերի և շրջանների ցուցակ, որոնցում նշված են ստույգ աշխարհագրական կոորդինատները, որոնց ուղղությամբ հարվածները պետք է բացառվեն»:







































