Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին հանդիպում է ունեցել Բունդեսթագի«Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից այսօր տեղեկացրել են, որ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ով հանդիսանում է Բունդեսթագում քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակը:
Երկուստեք կարևորվել է թե՛ Բունդեսթագի, թե ՛միջազգային հանրության կողմից մարդկության դեմ ոճիրների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը:
Կողմերն արձանագրել են, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումները վերահաստատեցին, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության դատապարտումն անխուսափելի է:







































