«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
– Պարոն Հարությունյան, ռուսական «Ինտերֆաքսը» օրեր առաջ հրապարակեց այն զենքերի տեսակները և քանակը, որը մենք ամռանը 200 մլն դոլարի վարկով ձեռք էինք բերել Ռուսաստանից: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, և որպես մասնագետ, ի՞նչ կասեք. ինչքանո՞վ են այդ զենքերի տեսակները իրենց արժողությամբ համապատասխանում այդ 200 միլիոն վարկին: Իսկապե՞ս դա շուկայականից ցածր գին է:
– Համաձայն պայմանագրի, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, մենք զենքը վերցնում ենք ներքին գներով, նույն գներով, ինչքանով դա ձեռք է բերում Ռուսաստանի բանակը: Այնպես որ՝ դա մի քանի անգամ ցածր է շուկայական գներից: Ինչ վերաբերում է ցանկին, ապա հրապարակված է, բոլորը գիտեն՝ ժամանակակից զենքերի մասին է խոսքը: Խոսքը «Սմերչ»-ների մասին է, որ զանգվածային ոչնչացման զենքին հավասար, համարժեք զենք է, այն ուժեղացնում է մեր բանակը, հասանելի է դարձնում բոլոր կենտրոնները, և դրա դեմ հակահրթիռային պաշտպանություն չի գործելու, սա ապահովում է թիրախների երաշխավորված ոչնչացում: Լրջագույն զենք է TOC-1A-ն, որը շատ հզոր, ժամանակակից զենք է, թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդին թաքնված տարբեր խրամատներում և այլն: Որպեսզի չխորանամ մանրամասների մեջ, ասեմ, որ այն զինատեսակները, որ գնել է հայկական կողմը լրջագույնս կբարձրացնի հայկական բանակի մարտունակությունը:
– Պարոն Հարությունյան, Ադրբեջանն այս զենքերի ցանկի հրապարակումից հետո բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, մինչդեռ դեռևս տարիներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, մեր նախագահը Պրահայում հայտարարեց, որ մենք իրավունք չունենք արգելելու Ռուսաստանին՝ զենք վաճառել Ադրբեջանին:
– Չկա որևէ մի հիմնավորում կամ միջազգային օրենք, որն արգելում է զենքի վաճառքը Ադրբեջանին կամ Հայաստանին, այնպես որ՝ մենք այդ տեսանկյունից որևէ նոտայի անհրաժեշտություն չենք զգացել: Նաև ներքին կարգով մենք բանակցություններ ենք վարել, դուք համոզված եք չէ՞, որ այդ թեման բարձրացրել են: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նոտային, դա վերաբերում է նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին, իսկ Հայաստանը դա ուղարկում է Լեռնային Ղարաբաղ: Սա է նոտայի իմաստը: Իրենց իրավունքն է, թող գրեն, բայց դա չի խանգարի, որ մենք շարունակենք մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ:
– Հնարավո՞ր է, որ այս նոտայով Ադրբեջանը նաև մտահոգություն է արտահայտում, որ Ռուսաստանն այս զենքերի ցանկը հրապարակելով՝ Ադրբեջանին ուզում է ինչ-որ կերպ զգուշացնել, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չդիմի՝ իմանալով, որ Հայաստանը զինված է գերժամանակակից զինատեսակներով:
– Կարելի է և այդպես ընկալել, բայց հիմնականում զսպող դեր է կատարում ռուսական ռազմաբազան, երբ 2010թ. վերանայեցինք, և արձանագրություն ստորագրվեց, որտեղ նաև ռուսական զորքը ստանձնեց պատասխանատվություն ապահովել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը: Երկրորդը՝ այնտեղ կետ կա, որ Ռուսաստանն ստանձնեց պարտավորություն Հայաստանին ապահովել ժամանակակից զենքով: Եվ երրորդ՝ երբ նա վարկ հատկացրեց, և զենքը գալիս է Հայաստան, դա է ամենամեծ զսպող գործոնը, և տաքգլուխներին սառեցնում է, որ հասկանան: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը ի վիճակի չէ սկսել լայնածավալ պատերազմ, որովհետև հասկանում է դրա հետևանքները:








































