Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի հարցով պահուստային պլաններ չկան և չեն լինի։
«Այդպիսին չկա և չի լինի։ Ոչ ոք չունի»,- լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարարը։
Երկուշաբթի հրապարակվել էր Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբերի միջև փետրվարի 27-ից պետք է հրադադար սկսվի, սակայն այն չի տարածվի ԴԱԻՇ-ի, «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ խմբավորումների վրա։
Ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից պահուստային պլանի քննարկման մասին էր հայտարարել Guardian-ը։







































