Այսօր Երևան-Սևան մայրուղու վրա թեժ իրավիճակ էր ստեղծվել սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատների, ոստիկանության և ՊՆ աշխատակիցների միջև:
Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին փորձում էին Երևան բերել` Հանրապետության հրապարակ` ի նշան բողոքի:
Ի դեպ, երբ մեր թղթակիցը փորձել էր նկարել իրավիճակը մայրուղու վրա, նրա ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը և ջնջել լրագրողի նկարահանած բոլոր կադրերը և թույլ չէին տալիս աշխատել և անցնել ոստիկանական և պաշտպանության նախարարության աշխատակիցների ձևավորած պատնեշը, որից այն կողմ զինծառայողի ծնողների հետ բանակցում էին ոստիկանապետն ու նախարարը:
«Առաջին լրատվական»-ը այս կապակցությամբ հարց է ուղղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Պնախարար Սեյրան Օհանյանին, թե ինչո՞ւ են խոչընդոտում լրագրողի աշխատանքը և արդյո՞ք նման հրահանգ կա: Մեր հարցին նրանք պատասխանեցին, որ նման որևէ հրահանգ չկա և հրամայում են թույլ տալ լրագրողներին և տեսաձայնագրել, և տեսանկարահանել:








































