Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն Անկարայի ահաբեկչությունից 6 օր առաջ հնարավոր սպառնալիքի մասին տեղեկացրել էր Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական և ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը՝ ընդգծելով, որ չնայած տեղեկացված լինելուն` անվտանգության գլխավոր վարչությունը որևէ քայլ չի ձեռնարկել ահաբեկչությունը կանխելու նպատակով:
Ազգային հետախուզական ծառայության կողմից ուղարկված գրությունն Անվտանգության գլխավոր վարչությունը «շտապ» մակագրությամբ ուղարկել էր Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի նահանգապետարաններին: Գրության մեջ նշվել է, որ «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը մահապարտ ահաբեկչի միջոցով հարձակվելու է զինվորական և ոստիկանական ծառայությունների վրա: Ընդգծվել է, որ թիրախում կարող են լինել այնպիսի մարդաշատ վայրեր, ինչպես Ստամբուլի Թաքսիմ կամ Անկարայի Քըզըլայ հրապարակն է: Չնայած առկա նախազգուշացումներին, սակայն, թուրքական իրավապահ մարմինները համապատասխան քայլեր չէին ձեռնարկել։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունը 28 մարդու կյանք է խլել։







































