Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ Բաց երկնքի մասին պայմանագրի մասնակից կողմերը գնահատական կտան Թուրքիայի գործողություններին՝ կապված նրա հետ, որ նա Ռուսաստանին չի թույլատրել իր տարածքով «Ան-30Բ» ինքնաթիռով դիտորդական թռիչք կատարել։
Այդ մասին նշված է Վիեննայում Բաց երկնքի հարցերով խորհրդատվական հանձնաժողովում ռուսական պատվիրակության հայտարարությունում։ Հայտարարության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Բաց երկնքի մասին պայմանագրի մասնակից մյուս երկրները կարձագանքեն և օբյեկտիվ գնահատական կտան Թուրքիայի այդ քայլերին և չեն կիրառի «երկակի չափորոշիչներ»։
Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ Թուրքիան պարբերաբար խախտում է պայմանագրի պահանջները, ինչի հետևանքով բարդացել է նրա ռազմական գործունեությանը հետևելը։









































