Իրանի Սահմանադրական մարմինը վճռել է, որ կանայք չեն կարող մասնակցել հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Մուհամմադ Յազդին հայտարարել է, որ համաձայն օրենքի՝ կանայք չեն կարող հավակնել նախագահի պաշտոնին:
Որպես թեկնածու գրանցվել էին 30 կանայք, սակայն թեկնածուների վերջնական ցուցակը հաստատում է Սահմանադրության պահապանների խորհուրդը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահի պաշտոնին հավակնում է 686 մարդ: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետում: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է հունիսին:









































