ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կառավարման լիազորությունները ՀՀ պաշտպանության նախարարության փոխարեն վերապահվեցին ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը: Միաժամանակ, համալիրի բյուջետային ֆինանսավորման համար պահուստային ֆոնդից հատկացվեց 261 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ նշեց, որ պետք է ունենալ համալիրի կառավարման հստակ ծրագիր: «Հարկավոր է լրջորեն դիտարկել համալիրի ղեկավարության հարցը: Նրանք պետք է այնպիսի մարդիկ լինեն, ովքեր կկարողանան ծրագրավորել և աշխատեցնել մարզահամերգային համալիրը, որպեսզի այլ նպատակներով այն չծառայի»,- ասել է ՀՀ վարչապետը: Միաժամանակ, նա հորդորեց մեծ ուշադրություն դարձնել պահուստային ֆոնդից հատկաց ված միջոցների արդյունավետ օգտագործմանը:
Կառավորությունն իր նախորդ նիստում որոշում էր կայացրել լուծել համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վաճառելու 2015 թվականի սեպտեմբերի 1-ին պայմանագիրը, քանի որ ընկերությունը համալիրի դիմաց սահմանված ժամկետում վճարումներ չէր կատարել:







































