Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Մարկո Ռուբիոն քննադատել է երկրի նախագահ Բարաք Օբամային Կուբա այցելելու ծրագրերի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Օբաման պատրաստվում է այցելել Կուբա այս տարվա մարտից ոչ ուշ:
Ռուբիոյի խոսքով՝ Կուբան 2014 թվականի վերջից չի փոխվել, երբ Օբաման հայտարարեց հարաբերությունների բարելավման գործընթացի մեկնարկի մասին:
«Դա ոչ թե ուղղակի կոմունիստական բռնապետություն է, այլ հակաամերիկյան կոմունիստական բռնապետություն է»,- հայտարարել է Ռուբիոն, ում ծնողները 40 տարի առաջ ներգաղթել են Կուբայից:
Նրա խոսքով՝ Կուբայում իշխում է «ուժեղ ռեպրեսիվ ռեժիմ»: Նա նաև մեղադրել է Կուբային ԱՄՆ-ի հանցագործներին թաքցնելու և Հյուսիսային Կորեային հրթիռային տեխնոլոգիաներ վաճառելու փորձերի մեջ:
«Ես ուզում եմ, որ ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունները փոխվեն, սակայն ես ուզում եմ, որ դա լինի փոխադարձ հիմքի վրա»,- հայտարարել է Ռուբիոն:







































