Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ժան Մարկ Էյրոյի հետ, որի ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերին հասցվող հրետանային հարվածների հարցում Ֆրանսիայի դիրքորոշման համար։ Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կիրակի մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից Հալեպի շրջանում քրդերի զբաղեցրած գոտուն Թուրքիայի հասցրած հարվածների համար։
Չավուշօղլուն իր հերթին մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի նման դիրքորոշման համար՝ ընդգծելով, որ Թուրքիան Սիրիայում «պայքարում է ահաբեկչության դեմ»։ Չավուշօղլուի խոսքով՝ դրա մասին իրազեկված են նաև իրենց ֆրանսիացի գործընկերները, ինչն իրականացվել է փետրվարի 11-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Սիրիային աջակցող միջազգային խմբի նիստի ժամանակ։
Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունում կգրանցվի առաջընթաց։







































