Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Լերմանտ Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
65-ամյա Լերմանտը Արցախյան պատերազմի մասնակից է, մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է, 2-րդ խմբի հաշմանդամ է: Նրան մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունիսի 14-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Լերմանտ Ս.-ն թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում մտել է տաքսի ծառայության գրասենյակ և իր դստերը վարկաբեկելու, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցով վիճաբանել է Յուրիկ Ա.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում Լերմանտը իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Յուրիկի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին և ձախ հարողնաշարային գծով 2-3-րդ միջկողային տարածությունում կտրած-ծակած թափանցող վերքի, լարված պնևմոթորաքսի ձևով պատճառել է առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու միջնորդել է գործը քննել արագացված կարգով:
Դատարանը հաշվի է առել ամբաստանյալի անձը՝ որ Արցախյան պատերազմի մասնակից ու վիրավոր է, ունի բազմաթիվ պարգևներ, դրական է բնութագրվում, ինչպես նաև դատարանը հաշվի է առել տուժողի վարքագծի հակաօրինականությունը, այն, որ տուժողը ամբաստանյալի դստեր հասցեին հնչեցրել է վիրավորական ու վարկաբեկիչ արտահայտություններ: Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալից բողոք, պահանջ չունի:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է արձանագրել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Դատարանը արձանագրել է նաև՝ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են, հարգվում և պաշտպանվում են պետության կողմից: Ամբաստանյալը վրդովված է եղել իր դստեր արժանապատվությունը վիրավորող տուժողի արտահայտություններից:
Լերմանտ Ս.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ նշելով, որ ամբաստանյալի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը այս գործով անթույլատրելի է, Լերմանտ Ս.-ն պետք է դատապարտվի 3 տարի իրական ազատազրկման:








































