Գագիկ Բեգլարյանն ընդունեց Ֆրանս Տելեկոմ «Օրանժ» ընկերության ներկայացուցիչներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 15-ին ընդունել է Ֆրանս Տելեկոմ «Օրանժ» ընկերության ներկայացուցիչներին՝ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացվել է «Օրանժ Արմենիա» ընկերության ներկա գործունեությունը, հետագա նախագծերը, հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները:
Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրել է, որ հունվար ամսից Հայաստանում ներդրվելու է «Համարների տեղափոխելիության» համակարգը, նախատեսվում է նաև սակագների վերանայում, որոնք հնարավորություն կտան ավելի դինամիկ դարձնել ընկերության հետագա գործունեությունը:
Գագիկ Բեգլարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի բջջային երրորդ օպերատորի ապագա ծրագրերն իրականություն կդառնան. ««Օրանժ»-ի դիրքերն օրեցօր պետք է լավանան:
Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանում գործողօպերատորների միջև լինի առողջ մրցակցություն, որը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել և սիրով աջակցել ընկերությանը ցանկացած հարցում»,-նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ:







































