ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան որևէ անհրաժեշտություն չի տեսնում փոխելու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ:
«Սպուտնիկ Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնն այսօր Մոսկվայի հետ տեսակապի միջոցով հեռարձակում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Երևանից հարց ուղղեցին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կփոխի՞ իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Հայաստանի նախագահի՝ 2015թ. դեկտեմբերի 21-ի մոսկովյան ելույթից հետո, որում Սերժ Սարգսյանը խստորեն քննադատել էր դաշնակից պետություններին Հայաստանին ուղղված ադրբեջանական ագրեսիային չարձագանքելու համար:
Ի պատասխան՝ Նիկոլայ Բորդյուժան հստակ հասկացնել տվեց, որ կազմակերպությունը չի փոխելու իր դիրքորոշումն այդ հարցում:
Այս պատասխանն, իհարկե, տարբեր կերպ կարելի է ընկալել: Ինքը՝ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի դիրքորոշումն այսպես է ներկայացնում՝ կազմակերպությունը կողմ է, որպեսզի կոնֆլիկտը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
«Բոլոր պետությունները դեմ են հակամարտության էսկալացիային հայ-ադրբեջանական սահմանին, ծանր զինատեսակների և զինտեխնիկայի կիրառմանը: Մնացածի մասին, ինչպես ասում են, կարդացեք Մարքսի գրքերում, այնտեղ ամեն ինչ գրված է»,- հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան:
Ընդհանրապես հայ լրագրողներն այսօրվա ասուլիսում ամենաակտիվն էին և անընդհատ ճնշում էին գլխավոր քարտուղարին իրենց հարցադրումներով: Նիկոլայ Բորդյուժան էլ զարմացած էր հայկական լրատվամիջոցների քննադատությունից, թե՝ այդ կազմակերպությունն ադեկվատ արձագանք չի տալիս հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին և չի աջակցում դաշնակից Հայաստանին:
Պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ ՀԱՊԿ-ի այդ դիրքորոշմամբ կասկածի տակ են դրվում կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը, պարոն Բորդյուժան ասաց, թե վերջին անգամ երբ Երևանում էր, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդին է փոխանցել ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների և այլ պաշտոնյաների հայտարարությունների ցուցակը, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի իրավիճակին:
«Ինձ զարմացնում է, երբ հայկական առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչներ ասում են, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքում: Ծանոթացեք հավաքական անվտանգության ամենամյա հայտարարություններին, նախարարների հայտարարություններին, որտեղ պարտադիր անդրադարձ կա Կովկասի իրավիճակին: Դուք կա՛մ չեք հետաքրքրվում դրանով, կա՛մ էլ դիտավորյալ չեք խոսում դրա մասին: Չեմ կարծում, թե այդ իրավիճակը որևէ կերպ ազդում է կազմակերպության հեղինակության և նշանակության վրա: Նորից եմ ասում՝ կազմակերպությունը արձագանքել է, արձագանքում է և կշարունակի արձագանքել ցանկացած գործողության, որն ազդում է դաշնակիցների անվտանգության վիճակի վրա»,- հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պատասխանը, ինչպես նշեցինք, տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Ավելի հավանական է, որ Երևանում այն այսպես մեկնաբանեն. ՀԱՊԿ-ը այսուհետ ևս կշարունակի անորոշ դիրքորոշում հայտնել և անհասցե հայտարարություններ անել Ղարաբաղյան խնդրի առնչությամբ՝ որևէ կերպ չդատապարտելով Ադրբեջանի հարձակումները ՀԱՊԿ անդամ Հայաստանի վրա:










































