Microsoft կորպորացիան մինչև ընթացիկ տարվա վերջ կթողարկի իր վերջին օպերացիոն համակարգի՝ Windows 8-ի անվճար թարմացման տարբերակը, որը կկրի Windows 8.1 անվանումը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով կորպորացիայի մարքեթինգի և ֆինանսական հարցերով տնօրեն Թեմի Ռելերին: Նա ելույթ է ունեցել Բոստոնում՝ JP Morgan ներդրումային բանկի անցկացրած կոնֆերանսին, որը նվիրված էր մեդիա և հեռահաղորդակցական ոլորտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Windows 8-ի թարմացման տարբերակը կստանա Windows Blue անվանումը:
Ռելերը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ տեղ կգտնեն նոր համակարգում: Վերլուծաբանների կարծիքով՝ ընկերությունը կարող է վերադարձնել ավանդական «աշխատանքային սեղանը»՝ Start կոճակով:
Ռելերի խոսքով՝ այն հասանելի կլինի նաև Windows RT-ից օգտվողների համար: Նշենք, որ թարմացման տարբերակը Windows 8- ի՝ պլանշետային համակարգիչների համար է նախատեսված:
Օպերացիոն համակարգի թողարկման հստակ ամսաթիվն անհայտ է:







































