Մեծ Բրիտանիայի էներգետիկայի ու կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Քրիս Հյուն, որը դատապարտվել էր արդարադատությանը խոչընդոտելու համար, ազատ է արձակվել բանտից: Նա անազատության մեջ է անցկացրել սահմանված 8 ամսից ընդամենը 9 շաբաթ՝ նշում է BBC News-ը:
Հյունի հետ միասին ազատ է արձակվել նաև նրա նախկին կինը՝ Վիկի Փրայսը, որը նույնչափ պատժաժամկետի էր դատապարտվել: Ներկայում նրանք ստիպված են լինելու կրել էլեկտրոնային թևնոցներ՝ նշում է The Guardian-ը:
Քրիս Հյուն իր ժամկետը կրել է մարտի կեսին, այն բանից հետո, երբ 2013թ. մարտի 11-ին նա ու Փրայսը դատապարտվել էին 8-ամսյա ազատազրկման: Նախկին նախարարը ընդունել էր իր մեղքը, որ 10 տարի առաջ իր կնոջ հետ խաբել են ոստիկանությանը:
Քրեական գործ հարուցելու պատճառն այն է, որ 10 տարի առաջ կեղծ տեղեկատվություն տալու համար Հյուն խուսափել է վարորդական իրավունքից զրկվելուց: Փրայսը սկզբում կեղծ ցուցմունք է տվել, այնուհետև՝ ամուսնուց բաժանվելուց հետո, պատմել է այդ մասին:
Քրիս Հյուն 2010-2012թթ.-ին զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը և Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկն է եղել: Վիկի Փրայսը 2007-2010թթ. ղեկավարել է Բրիտանիայի կառավարության տնտեսական խորհրդատուների խումբը:
Անցած տարվա փետրվարին Հյուն պաշտոնաթող է եղել, որից հետո դատախազությունը նրա դեմ մեղադրանք է առաջադրել՝ նրա նախկին կնոջ հայտարարությունների հիման վրա: Կնոջ խոսքերով՝ 2003թ.-ին Հյուն մեքենան վարելիս հերթական անգամ խախտել է երթևեկության կանոնները: Քանի որ նա կարող էր զրկվել վարորդական իրավունքից, խնդրել է Փրայսին հայտարարել, որ մեքենան այդ ժամանակ ինքն է վարել:









































