Հայաստանի առաջնության 41-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրիում հյուրընկալել էր Կապանի «Գանձասար»-ին: «Շիրակ»-ը նախորդ տուրում «Փյունիկ»-ին հաղթելուց հետո արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը, իսկ «Գանձասար»-ը պայքարում էր երրորդ տեղը զբաղեցնելու համար: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Խաղից հետո տեղի ունեցավ նաև «Շիրակ»-ի ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ Գործկոմի անդամները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին հանձնեց ոսկե մեդալները: Չեմպիոնական գավաթը «Շիրակ»-ի ավագ Տիգրան Դավթյանին հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Հավելենք, որ «Շիրակը» 14 տարվա ընդմիջումից հետո իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:







































