Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հավաստմամբ՝ վերջերս սեքսապաթոլոգին դիմելիությունը զգալիորեն հաճախակիացել է, ինչը կապված է ավելի ակտիվ քննարկումների հետ.
«Մասնագիտական փորձը վկայում է, որ ամուսնական զույգերն էլ են սկսել մեզ ավելի շատ դիմել: Ավելի շատ են հետաքրքրվում սեռական առողջության ընդհանուր մթնոլորտը բարելավելու հարցերով: Շատ զույգեր չեն սպասում, որ դանակը հասնի ոսկորին»,- ասաց նա:
Մասնագետի խոսքով՝ սեքսապաթոլոգին դիմում են ավելի շատ երևանաբնակները, քան մարզերի բնակիչները, ինչը չի նշանակում, թե այնտեղ խնդիր չկա: Շատ են նաև այնպիսի հիվանդները, ովքեր մասնագետներին դիմում են սխալ ինֆորմացիայի արդյունքում ծագած խնդիրների պատճառով. «Երբեմն համացանցից, անհեղինակ նյութերից են ինչ-որ բաներ սովորում, հետո կանգնում են խնդիրների առաջ»:
Բանախոսն ասաց նաև, որ տղամարդիկ հիմնականում պոտենցիայի հետ կապված խնդիրներով են դիմում իրենց, նաև՝ սեռական ակտի, սեռական ցանկության պակասի հետ կապված խնդիրներով: Այդ դեպքում բուժումն իրականացվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ հոգեթերապևտիկ ճանապարհով:
Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ավելի շատ սեքսապաթոլոգին դիմում են օրգազմի հետ կապված խնդրով. «Պետք է նշեմ, որ դա չափազանց հակասեքսուալ մթնոլորտում դաստիարակության արդյունք է: Մեծ նշանակություն ունի նաև ամուսնու վերաբերմունքը կնոջ նկատմամբ»:
Նա նշեց նաև, որ կանանց շրջանում հաճախակի հանդիպող խնդիրներից է վագինիզմը՝ վախ սեռական հարաբերությունից: Երրորդ տեղում, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, սեռական ցանկության բացակայության խնդիրն է, ընդհուպ մինչև զզվանքը սեռական հարաբերությունից:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































