Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 9-ին հայտարարել է, որ պայքարը շարունակվում է, և կոչ է արել բոլորին՝ «Լևոնին, Գագիկին, Հրանտին» և մյուսներին մայիսի 19-ին գնալ «Անի» հյուրանոց, որտեղ Հովհաննիսյանը հավանաբար պատրաստվում է հերթական քաղաքացիական ֆորումն անել:
Ինչպես հիշում ենք, առաջին ֆորումի ընթացքում նա հայտարարեց Նոր Հայաստան շարժման մասին: Երկրորդ ֆորումը, փաստորեն, արդեն պետք է ենթադրել, որ Նոր Հայաստան շարժման նախաձեռնությունն է: Այլ կերպ ասած` Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին հրավիրում է նոր Հայաստան: Սակայն այդ նոր Հայաստանն առ այսօր այնքան էլ հստակ չէ, համենայնդեպս շաբաթներ առաջ հայտարարելով դրա հռչակման մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ կարծես թե որևէ կերպ չի ուրվագծել այդ նոր շարժումը, որևէ կերպ չի տվել դրան այնպիսի մարմին, որը հնարավորություն կտար շոշափել այդ նոր Հայաստանը: Իսկ այդպես որևէ հրավեր դառնում է վիրտուալ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է շարժումը միասին ձևավորելու, ապա հենց այդպես էլ պետք է ասել և այդտեղից էլ սկսել:
Խնդիրն այն է, որ կա երկու հարթություն՝ մեկը հոգեբանական, ոգեղեն հարթությունն է, երբ հնչում են պաթետիկ բառեր ու դարձվածքներ նոր Հայաստանի կերտման մասին, և մյուսը ռացիոնալ քաղաքացիա-քաղաքական հարթությունն է, որտեղ պետք է ձևավորվեն կոնկրետ հարաբերություններ հստակ ձևաչափերով, որոնք էլ մարմին կտան շարժմանը: Առ այսօր հանրային, լայն իմաստով պարզ չէ այդ հարաբերությունների կոնցեպտը: Հռչակված արժեքները քիչ թե շատ պարզ են, պաթետիկան նույնպես բավականաչափ ուսումնասիրված և ընկալված կամ չընկալված է հանրության մոտ, իսկ ահա ռացիոնալ հարաբերությունների հողեղեն հարթությունը շարունակում է մնալ անապատային վիճակում: Սա լրջագույն խնդիր է, որի լուծման բանաձևը Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե չի գտել, այդպես էլ չգտավ անցած երեք-չորս ամիսների ընթացքում՝ նախագահական ընտրություններից հետո: Արդյունքը եղավ այն, որ Հովհաննիսյանը նույնքան արագ կորցրեց իր դիրքերը, որոնք շատ արագ ձեռք էր բերել նախագահական ընտրությունների ընթացքում:
Մայիսի 9-ին Ազատության հրապարակում Հովհաննիսյանի հանդեսը, ամենայն հավանականությամբ, դիրքերը վերականգնելու գործընթացի մեկնարկ էր, ինչով էլ պայմանավորված է Լևոնին ու Գագիկին հրավիրելու հանգամանքը: Հասկանալի է, որ այստեղ առանցքայինն այս երկու անուններն են: Եվ նաև հասկանալի է, որ խոսքը Տեր-Պետրոսյան և Ծառուկյան ազգանունների մասին է, թեև, իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատի է ունեցել կամ կարող է վաղը հայտարարել, որ նկատի է ունեցել, ասենք, ոմն շինարար Լևոնի և առևտրական Գագիկի և ամենևին ոչ Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին: Դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի ոճի մեջ: Բայց անկախ նրա ոճից, եթե նա անգամ պաշտոնապես դիմեր Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին, ապա, մեղմ ասած, կասկածելի է, որ նրանք մայիսի 19-ին կգնային «Անի» հյուրանոց: Այդ գործիչների և նրանց գլխավորած քաղաքական ուժերի, հովհաննիսյանական լեզվով ասած` հետագիծը շատ հստակ է, և անկախ դրա հանդեպ որևէ մեկի վերաբերմունքից, անկախ այդ հետագծին լավ կամ վատ գնահատականից, մեկնաբանությունից կամ վերլուծությունից, մի բան ակնհայտ է՝ այդ ուժերը հավատարիմ են իրենց հետագծին և անգամ շեղվելու պարագայում կարծես թե մոտավորապես նկատելի է, թե որ դեպքում և ինչ ուղենիշերով կարող են շեղվել այդ ուժերը:
Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ուղենիշերի մեջ չէ հաստատ, և եթե Հովհաննիսյանը ասում է, որ իր երեք-չորս ամիսների առաջարկները չհասկացան, ապա կարծես թե ակնհայտ է նաև, որ ինքն էլ չի հասկացել, որ այդ ուժերը իրենից առաջարկներ չեն սպասում և իրեն միանալ կամ ընկերակցել չեն պատրաստվում: Կրկնում եմ` լավ է դա թե վատ, լավ են անում այդ ուժերը, թե սխալ, լիովին այլ հարց է: Բայց կարծես ցերեկվա լույսի պես պարզ է, որ այլևս միանգամայն հնացած է երկու այդ գործիչներին և ուժերին միավորման կոչ անելու կամ ընկերակցության կոչ անելու գաղափարը: Անգամ նախագահական ընտրություններից անմիջապես հետո էր դրա նպատակահարմարությունը կասկածելի, ուր մնաց այժմ:
Ի վերջո, Հայաստանի քաղաքական դաշտից պետք է դուրս գա միավորման այդ կոչերի կարծրատիպային սինդրոմը: Բոլորը բոլորին միավորվելու կամ գործակցելու կոչեր են անում` այն դեպքում, երբ բոլորը բոլորին մերժել են երևի թե մի հարյուր անգամ: Սկսեք գործակցել հասարակության հետ, ժողովրդի հետ, մեկ առ մեկ շարքային բոլոր քաղաքացիների հետ, նրանց դարձրեք ձեր քաղաքական գլխավոր գործընկերը, հենց այդ շինարար Լևոնին ու առևտրական Գագիկին: Եթե քաղաքական գործիչներ Լևոնը, Գագիկը կամ որևէ այլ հասարակական-քաղաքական անուն-ազգանուն դուրս կմնա այդ կոնցեպտից, ապա ավելի վատ իր համար, իսկ եթե կուզի դուրս չմղվել իրական քաղաքական գործընթացներից, ստիպված կլինի ինքը առաջարկներ մտածել շարքային քաղաքացու հետ այդ դաշինքի գործընկեր և մասնակից դառնալու համար:
Այստեղ է խնդիրը կամ ավելի շուտ առանցքային խնդիրներից մեկը, որ պետք է լուծվի Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում: Խնդիր, որն, իհարկե, միայն Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ չէ, այլ բոլոր քաղաքական դեմքերի և ուժերի, որը ժամանակ առ ժամանակ դրսևորվում է նրանցից որևէ մեկի մոտ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































