Փարիզում դատարանը Uber France ընկերությանը հարկադրել է 1,2 մլն եվրո փոխհատուցել Տաքսիների ազգային միությանը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող՝ դատարանի փաստաթուղթը:
Ընկերությունը նման պատժի է արժանացել այն պատճառով, որ իր վարորդներն աշխատանքի ընթացքում գործել են այնպես, ինչպես պաշտոնական տաքսիստները, մասնավորապես՝ փորձել են փողոցում հաճախորդների ներգրավել առանց Uber հավելվածի միջոցով նախնական պատվերի:
Տեղեկությունը, որ Uber France-ը պետք է զգալի գումար վճարի, ստացվել է անօրինական փոխադրողների, Uber-ի և մասնավոր տաքսի պատվիրելու հնարավորություն տվող նման այլ առցանց ծառայությունների դեմ պաշտոնական տաքսիստների գործադուլի երկրորդ օրը:
Նախօրեին բողոքի ակցիային մասնակցել է մոտ 2000 տաքսիստ: Գործադուլի օրը տեղի ունեցած մի շարք պատահարների պատճառով 18 վարորդի մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հոդվածներով, այդ թվում՝ անկարգություններին մասնակցելու, հրկիզումներ իրագործելու, զենք կրելու համար:
Սա տաքսիստների առաջին բողոքը չէ VTC համակարգի դեմ, որը ենթադրում է վարորդով ավտոմեքենայի վարձույթ: Այդպիսի սխեմայով են աշխատում Uber-ը, Allocab, Chauffeur-Prive, Cinq-S, Marcel, SnapCar և այլ ընկերություններ: Փարիզում տաքսիստ լինելու իրավունքի համար պահանջվում է վճարել 50-250.000 եվրո, իսկ VTC գրանցելը զգալիորեն ավելի հեշտ ու էժան է: Ըստ տաքսու վարորդների՝ այդ հանգամանքները նպաստում են մրցակցության աճին, որում իրենք պարտվում են:
Տաքսիստները պահանջում են կա՛մ VTC-ի արգելք, կա՛մ փոխհատուցումներ, որոնք պաշտոնական տաքսիստներին հնարավորություն կտան մնալ ջրի երեսին: Նրանք մտադիր են գործադուլը շարունակել մինչև իրենց պահանջները կատարվեն:







































