Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ տվյալ փուլում օրակարգում չէ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը, սակայն դա չի խանգարում երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, սակայն տարօրինակ է քննարկել այդ հարցը, քանի դեռ երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։
Այդ առնչությամբ Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը օրակարգում չէ։ Եվ ներկա փուլում այն չի լինի օրակարգում, մեր ռուս գործընկերները քաջ գիտեն այդ մասին, որովհետև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անհնար է, քանի դեռ խախտված է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
Սակայն եթե տվյալ ուղղությամբ կատարվեն լուրջ քայլեր դեպի առաջ, եթե մենք տեսնենք, որ կա շատ կարևոր առաջընթաց, ապա հավանաբար ինչ-որ փուլում այդ հարցը կընդգրկվի օրակարգում։ Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի մեղմացմանը կամ չեղյալ հայտարարմանը, ապա դիվանագիտական հարաբերությունները որևէ կերպ չեն խանգարում դրան»։







































