Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ իրենք կողմ են միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցությանը, սակայն դրա հետ մեկտեղ դեմ է արտահայտվել Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD), որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:
«Մենք կողմ ենք տվյալ գործընթացին քրդերի մասնակցությանը։ Առանց նրանց բանակցությունները կլինեն ոչ լիարժեք։ Սակայն դա չի վերաբերում PYD ահաբեկչական կազմակերպությանը։
Բոլորին հայտնի է, որ այն Թուրքիայի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևն է»,- ասել է նա։
Պատասխանելով ԱՄՆ կողմից PYD-ին աջակցելու մասին հարցին՝ Դավութօղլուն ընդգծել է, որ նա, ով օրինական հիմքեր է տեսնում ահաբեկչական կազմակերպության գոյության համար, չի ապրում տարածաշրջանի իրողություններով. «Ոչ ոք մեզ չի ստիպի հավատալ դրան»։
Միջսիրիական բանակցությունները Ժնևում մեկնարկելու են հունվարի 29-ին։ Սրանից առաջ թուրքական կողմը սպառնացել է դուրս գալ Սիրիայի վերաբերյալ բանակցային գործընթացից, եթե PYD-ը մասնակցի դրան։








































