Մայիսյան Եռատոնի առթիվ այսօր «Հաղթանակ» զբոսայգում անցկացվեցին ամենամյա միջոցառումներ: Զբոսայգի էին եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և այլք:
Նշենք, որ «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել էր ավանդական զինվորական վրանային ճաշ, որտեղ վետերանների հետ ճաշեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տոնական բարձր տրամադրություն ուներ: Նա լրագրողներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, սակայն խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ փոխվեցին հատկապես տնտեսական բլոգի նախարարները՝ խոստանալով մոտ ապագայում ասուլիս կազմակերպել այդ թեմայով:
«Այս տոնական օրվա առթիվ բոլորս պետք է տրամադրված լինենք տոնականորեն և վստահ լինենք, որ վաղվա օրը լինելու է ավելի լավը, քան այսօր է: Դրա համար հայ ժողովուրդն ունի բավարար ներուժ, ունենք տաղանդաշատ երիտասարդներ: Մենք ուրախ ենք, որ Հայաստանում կա ազատության այնպիսի մակարդակ, որ մեր ընդդիմախոսները հնարավորություն ունեն մատնացույց անելու մեր բացթողումները, թերությունները, և մենք բոլորս տրամադրված ենք միասին փոփոխություններ իրականացնել և կերտել մեր ապագան»,- նշեց նա:
Մանրամասները կարող եք քիչ անց դիտել տեսանյութում:







































