Հնդկաստանում Մահաթմա Գանդիի արձաններից մեկի վրա հայտանբերել են իսլամիստական կարգախոսներ և պատրաստվող ահաբեկչության մասին նախազգուշացում: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ռաջաստան նահանգի Ջայպուր քաղաքից ոչ հեռու գտնվող Դուդու գյուղում: Անհայտ անձինք սպիտակ արձանի դեմքին դարչնագույն ներկ են քսել և բազմաթիվ գրառումներ են արել մարմնի վրա, այդ թվում՝ «ԴԱԻՇ»: Տեղի բնակիչների խոսքերով՝ գրառումների մեջ եղել է նաև նախազգուշացում պատրաստվող ահաբեկչության մասին՝ նվիրված Հանրապետության օրվան, որը Հնդկաստանում մեծ շուքով նշվում է հունվարի 26-ին:
Սա ահաբեկչական հնարավոր հարձակումների մասին առաջին զգուշացումը չէ: Մի քանի օր առաջ Հնդկաստանի հատուկ ծառայությունները լսել են հնդիկ իսլամիստների խմբի և ԴԱԻՇ-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկի խոսակցությունը, որն իր կողմնակիցներին հրամայել է հարձակում կազմակերպել Հանրապետության օրվան նվիրված տոների ժամանակ:
Հունվարի 24-ին Նյու Դելիում բանակային համարանիշերով ավտոմեքենա է գողացվել: Ոստիկանությունը չի բացառում, որ դրա օգնությամբ ահաբեկիչները կարող են փորձել պահպանվող գոտի ներթափանցել:











































