ԱՄՆ-ում տեղի է ունեցել «պատմական շրջադարձ». գրանցվել է երիտասարդության զբաղվածության ցածր մակարդակ՝ համեմատած այլ զարգացած երկրների հետ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման կարծիք է հայտնել ամերիկացի ականավոր տնտեսագետ Ռոբերտ Մոֆիթը՝ մեկնաբանելով թարմ վիճակագրական տվյալները:
Այդ տվյալների համաձայն՝ 2011թ. չի աշխատել 25-34 տարեկան ամերիկացիների 26.2%-ը: Սա ավելի բարձր տոկոս է, քան այլ զարգացած երկրներում, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայում, որտեղ շարունակվում է սուր ճգնաժամը:
The New York Times թերթն այս կապակցությամբ հիշեցնում է, որ եթե 2000թ. ԱՄՆ-ը երիտասարդության շրջանում զբաղվածության մակարդակով առաջ էր Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեդիայից և Ճապոնիայից, ապա այժմ «զիջում է նրանց»:
Այս թիվը ներառում է նաև նրանց, ովքեր գիտակցաբար չեն աշխատում՝ սովորում են կամ երեխա են պահում, այնուամենայնիվ՝ ԱՄՆ-ում իրավիճակի կտրուկ վատթարացումը առաջացնում է մասնագետների զարմանքը:
Կարևոր գործոններից մեկն այն է, որ ԱՄՆ-ում ընկերությունները չեն ցանկանում ընդլայնել աշխատակազմը վերջերս տեղի ունեցած «Մեծ ռեցեսիայից» հետո: Նման պայմաններում ամերիկացիների երիտասարդ սերունդների մոտ ուժեղանում է երջանկությունն արտասահմանում փորձելու պատրաստակամությունը:
«Ամերիկյան ալիք» ընկերության հետազոտող Ռոբերտ Ադամսը նշել է, որ 2011թ. ԱՄՆ-ի 18-24 տարեկան քաղաքացիների շուրջ 40%-ը հետաքրքրված է եղել այլ երկրներում մշտական բնակություն հաստատելով: Նրա խոսքերով՝ երիտասարդներին հիմնականում գրավել են Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրները, իսկ ամենաքիչը՝ Եվրոպայի երկրները:









































