Նախօրեին ընդդեմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 3 վճիռ է կայացրել, ինչը ենթադրում է ՀՀ կառավարության կողմից, հարկատուների հաշվին միլիոնավոր դրամների փոխհատուցում հատկացնել կողմերին։ Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի գործը ՄԻԵԴ-ում որոշակի փուլից սկսել է ներկայացնել փաստաբան Հայկ Ալումյանը, որն այս հայցի բավարարմանը կողմի՝ 82-ամյա Վարյա Սաֆարյանի հետ սպասել է շուրջ 10 տարի։
Ուշագրավ է, որ այս ընթացքում ընդդեմ Հայաստանի վճիռները վերաբերում են դեռևս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ներկայացված հայցերին, որոնց մեծ մասը վերաբերում է հանրային գերակա շահ ճանաչված տարածքներին։ Եվ առաջիկայում կլինեն նաև Բյուզանդի, Հյուսիսային Պողոտայի վերաբերյալ վճիռները։ Հայկ Ալումյանի խոսքերով՝ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ Հայաստանի դատարաններն անմիջականորեն չեն զգում Եվրոպական դատարանի ճնշումը, որը կիրառվում է ընդդեմ Հայաստանի գործերով։
Փաստաբանի խոսքերով՝ արդարադատության պատասխանատուները չպետք է համեմատություն անցկացնեն հարևան երկրների հետ և մխիթարվեն, որ ընդդեմ Հայաստանի վճիռներն ավելի քիչ են։ Նրա խոսքերով՝ վճիռները քիչ չեն, պարզապես Հայաստանի կառավարությանը հաջողվել էր որոշակի խորամանկ քայլերով առժամանակ սառեցնել ընդդեմ Հայաստանի գործերի քննությունը։ Մասնավորապես, հենց այս պատճառով իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 1.5 տարի առաջ Ալվինա Գյուլումյանը հրաժարական տվեց։
Ալումյանի խոսքերով՝ սակայն, ՄԻԵԴ-ում հասկացան Հայաստանի խորամանկ հնարքները և դա էլ նպաստեց, որ ընդդեմ Հայաստանի գործերը սկսեցին ավելի արագ քննվել և առաջիկայում այդ գործընթացն ավելի կարագանա։
Ալումյանը սխալ վճիռներ կայացրած դատավորների նկատմամբ պատժամիջոցների ինստիտուտ, պատասխանատվության հարց բարձրացնելն արդյունավետ մեխանիզմ չի համարում, բայց պնդում է՝ ընդդեմ Հայաստանի վճիռներն անարձագանք և անհետևանք չեն մնում։









































