Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը ողջունում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։
Եվրահանձնաժողովը 2015 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Վրաստանի պատրաստ լինելու մասին դրական եզրակացություն։ Ակնկալվում է, որ մի քանի ամիս անց Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել Շենգենյան գոտու երկրներ։
Եվրահանձնաժողովը ողջունել է վերջին 3 տարում Վրաստանի գրանցած առաջընթացը, սակայն դրա հետ մեկտեղ մտահոգություն է հայտնել Վրաստանում խոսքի ազատության առնչությամբ՝ կապված «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Բանաձևում ընդգծվել է, որ ԶԼՄ-ների ազատությունը, խոսքի ազատությունն ու բազմակարծությունը ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներն են՝ հատկապես այս տարվա հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին։
Եվրախորհրդարանի պատգամավորները Վրաստանին կոչ են արել շարունակել դատական բարեփոխումը՝ դատական գործընթացների թափանցիկության ու անկախության ապահովման համար։ Ընդգծվել է դատախազության ապաքաղաքականացման կարևորությունը։









































