Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) այսօր կնքված համաձայնագրով 50 մլն դոլար հատկացրեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ բանկի կապիտալն ավելացնելու, ֆինանսական միջոցների հասանելիությունն ընդլայնելու, ինչպես նաև տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը խթանելու համար։
Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել «Ամերիաբանկի» ռազմավարական նպատակների իրագործմանը։
«Այս գործարքը էական նշանակություն կունենա ինչպես Հայաստանի բանկային համակարգի, այնպես էլ Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Գործարքներն իրենց ծավալով ամենախոշորն են Հայաստանում և տարածաշրջանում: Դրանց կնքումը հասունացել էր անցած տարիներին «Ամերիաբանկի» դինամիկ ու հաստատուն զարգացման արդյունքում:
««Ամերիաբանկը» Հայաստանի բանկային շուկայում բացարձակ առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով: Հայաստանի ֆինանսական համակարգում ամենախոշոր հարկատուն է: Այսօր մեր ակտիվները գերազանցում են 1 մլրդ դոլարը, որն աննախադեպ պատմական երևույթ է անկախ Հայաստանի բանկային պատմության մեջ: Այսօր մեր բանկը ՀՀ խոշորագույն հարկատուներից է, վարկավորում է տնտեսության 30-ից ավելի ճյուղեր, իրականացնում է ավելի քան 2 մլրդ դոլարին համարժեք վարկավորում»,- ողջունելով համաձայնագրի կնքումը՝ նկատեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը։
Համաձայնագրի կնքումը կարևորեց նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ընդգծելով, որ այս ներդրումը մեծ դեր կունենա Հայաստանի դանդաղ, բայց կայուն զարգացող տնտեսության մեջ։ «Տարին սկսվեց այս լայնամասշտաբ ներդրումով, և մենք վստահ ենք, որ տարվա ընթացքում կլինեն նաև այլ ներդրումներ, այդ թվում՝ ոչ ֆինանսական ոլորտում»,- ասաց Ջավադյանը։
IFC Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմանը իր հերթին նկատեց, որ այս ծավալի կապիտալի տրամադրմամբ իրենք սատար են կանգնում Հայաստանում իրենց հուսալի գործընկեր համարվող «Ամերիաբանկ»-ի զարգացման ռազմավարությանը և հեռանկարային ծրագրերի իրականացմանը։
«Այս գործակցությունը Հայաստանի բանկային հատվածի կայունության բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնություններից է, որն ընդհանուր տնտեսական զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի»,- ասաց IFC-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը։










































