Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմի» հետ Վրաստանի իշխանությունների վարած բանակցություններն առաջացնում են լուրջ հարցեր, և որ Վրաստանի էներգետիկայի նախարարը պետք է պատասխանի դրանց:
«Երբ մենք ունենք մեր ռազմավարական գործընկերոջից (Ադրբեջան) յուրաքանչյուր ծավալի բնական գազ ստանալու հնարավորություն, անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտ ընտրություն կատարել հօգուտ «Գազպրոմի»։ Եթե դա այդպես չէ, ապա պետք է հրապարակավ հաստատել այդ դիրքորոշումը։
Աշխարհում տեխնիկական նորարարությունների տեմպը հասել է գագաթնակետին՝ վերականգնվող էներգիա, հիդրոռեսուրսներ, որոնք կարող են մշակվել նաև Վրաստանում։ Եվ վերստին հարց է ծագում, թե այդ ֆոնին ինչո՞ւ է ընտրություն կատարվում հօգուտ ռուսական էներգետիկ ընկերության։ Հասարակությունը պետք է իրազեկված լինի։
«Գազպրոմի» հետ բանակցելու հարցում Վրաստանի կառավարության դիրքորոշումը չեն կարողանում հասկանալ նաև ԱՄՆ-ում։ Վաշինգտոնում ինձ ասացին, որ Վրաստանն ունի իր ճակատագիրը տնօրինելու ինքնիշխան իրավունք։ Սակայն, բնականաբար, բոլորը կարծում են, որ Վրաստանի էներգետիկ անկախության ապահովման համար ժամանակին շատ ջանքեր են գործադրվել։
Բացի դրանից՝ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է։ Մենք պետք է հիշենք, որ Բաքուն ժամանակին չդադարեցրեց երկնագույն վառելիքի մատակարարումները Վրաստանին և շարունակեց աջակցել մեզ՝ չնայած Ռուսաստանի լուրջ ճնշմանը։ Մենք պետք է հարգենք հուսալի գործընկերոջն ու շարունակենք նրա հետ համագործակցությունը»։







































