Հունվարի 18-22-ը Հայաստանում ընթանում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որի անցկացման համար Ռուսաստանից 40 պատվիրակ է եկել:
Վարչապետի հանձնարարականով՝ արտաքին գործերի նախարարն ապահովելու է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը:
Պաշտպանության նախարարը հյուրերի սպասարկման համար հատկացնելու է չորս ներկայացուցչական ավտոմեքենա և ռազմական ոստիկանության ուղեկցող երկու անձնակազմ:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հատկացնելու է ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման և հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում սննդի, կեցության, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, գրենական պիտույքների, հուշանվերների ձեռք բերման հետ կապված ծախսերի համար հատկացնելու է 5 մլն 695 հազար դրամ՝ 2016 թվականի պետական բյուջեով «Ռազմական կարիքներ» ծրագրով՝ պաշտպանության նախարարությանը 2016 թվականի 1-ին եռամսյակում նախատեսված հատկացումների հաշվին:








































