Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային։ Այդ մասին հայտարարել է Իրանական գազային ընկերության (NIGC) միջազգային կապի հարցերով տնօրեն Ազիզոլլահ Ռամեզանին:
«Իրանի դիրքը, որն ունի աշխարհում գազի խոշորագույն պաշարները, նրան հնարավորություն է տալիս գազ վաճառել բոլոր երկրներին»,- ասել է նա։
Ռամեզանին ողջունել է Թեհրան եվրոպացի գործընկերների ժամանումը՝ նշելով, որ այդ այցերը միտված են գազի ու էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը։
Ռամեզանիի կարծիքով՝ էներգակիրների արտահանումը չպետք է սահմանափակվի հարևան երկրներով կամ տարածաշրջանով, հետևաբար օրակարգում պետք է ընդգրկվի հեռավոր երկրներին և հատկապես ԵՄ անդամ երկրներին գազի մատակարարումներ իրականացնելու հարցը։
Այդ առնչությամբ նա հատկապես ընդգծել է, որ Եվրոպա գազ արտահանելն ունի միջազգային ու քաղաքական առավելություն՝ ի լրումն տնտեսական շահի. «Ներկայումս Ռուսաստանը գազ է վաճառում Եվրոպային՝ մատակարարումներն իրականացնելով 3000 կիլոմետր ձգվածությամբ խողովակաշարով։ Իրանը նույնպես կարող է իրականացնել նման մատակարարումներ։ Եվրոպային գազ վաճառելու համար մշակվել են տարբեր երթուղիներ։
Իրանական գազը Եվրոպա կարող է մատակարարվել Սև ծովով, Սիրիայով, Իրաքով, Թուրքիայով կամ էլ մի քանի խողովակաշարով։ Իրանական գազի արդյունահանումն ունի ցածր ինքնարժեք, ինչը կազմում է նրա մրցակցային առավելության հիմքը՝ ԵՄ արտահանելու համար։ Հետպատժամիջոցային ժամանակաշրջանում Իրանի արտաքին առևտրային քաղաքականությունը նախատեսում է գազի արտահանման շուկաների դիվերսիֆիկացում»։








































