Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում Հարավային Կովկասը կդառնա միավորված տարածաշրջան, որին կանդամակցի նաև Հայաստանը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Բաքվում Հարավկովկասյան ֆորումի շրջանակներում:
Սաակաշվիլին նշել է, որ Հայաստանին պետք են կապեր հարևանների հետ, և այն չի կարող մնալ մեկուսացված երկիր:
«Համոզված եմ, որ մենք կարող ենք Հայաստանն ինտեգրել կայունության ընդհանուր այս գոտի: Սակայն դա պետք է տեղի ունենա որպես քաղաքական լիբերալացման մի մաս, այլ ոչ թե Վրաստանում երկաթուղու բացման և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող Կարս-Ախալքալաք նախագծին անդամակցելու հաշվին»,- ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանի և Ադրբեջանի հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, քանի որ դրանք այլևս չեն պատկանում նրանց ինչ-ինչ քաղաքական պատճառներով»:
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում տիրում է խառնաշփոթ իրավիճակ, վերջին տարիներին շատ իրադարձություններ են տեղի ունեցել քաղաքական ուղղվածության ծրագրում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը տնտեսական հզորության, կայունության և կասպյան շրջանում անկախ քաղաքականության հաջող օրինակ է:
Սաակաշվիլին նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա:
«Աշխարհը չպետք է թույլ տա ապակայունացնել այս երկիրը: Իմ երկրի օրինակով մենք տեսանք հետևանքն այն բանի, թե ինչի է տանում անկախ կուրսը: Ոչ մեկը չէր ակնկալում, որը Վրաստանում տեղի կունենան նման գործընթացներ, բայց դրանք տեղի ունեցան: Սակայն Ադրբեջանը ամուր, հաջողակ պետություն է, և մենք հույս ունենք, որ այն այդպիսին կմնա»,- հայտարարել է Սաակաշվիլին:







































