Այսօր Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գիտության հարցերով նախկին տեղակալ Սադեկ Վաեզ Զադեն երկրի նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել՝ հաղորդում է Mehr գործակալությունը:
Սադեկ Վաեզ Զադեն Թեհրանի համալսարանի պրոֆեսոր է: Նա նաև Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի և նպատակահարմարության խորհրդի ակտիվ անդամ է:
Հիշեցնենք, որ այսօր Իրանում սկսվել է նախագահական ընտրությունների թեկնածուների պաշտոնական գրանցումը, որը տևելու է մինչև մայիսի 11-ը:
Մայիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրության պահապանների խորհուրդը պետք է դիտարկի յուրաքանչյուրի թեկնածությունը:
Մայիսի 22-23-ին կհրապարակվեն այն թեկնածուների անունները, որոնք կմասնակցեն ընտրություններին, իսկ մայիսի 24-ին կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի հունիսի 12-ին:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին: Նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով:









































