Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Ղարագյոզյանի հայցի լսումը՝ ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի: Նշենք, որ երիտասարդ Արտակ Ալեքսանյանը տարածքի գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան է, որը վերջինիս հովանավորությամբ համայնքի ղեկավար դարձավ:
Աշոտ Ղարագյոզյանը օգոստոսի 18-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից անցյալ տարվա մայիսի 11-ին կայացված թիվ 1286-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին։
Մինչ այս դատական նիստը, ուսումնասիրելով հայցադիմումը, դատարանը վերադարձրել էր այն հետևյալ պատճառաբանությամբ. «Տվյալ դեպքում, ներկայացված հայցադիմումին կցված չէ սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը, կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին, ուստի հայցադիմումը այս հիմքով ենթակա է վերադարձման։
…Աշոտ Ղարագյոզյանի կողմից ներկայացված հայցադիմումում որպես պատասխանող նշված է Երևան համայնքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը որպես վարչական մարմին, իսկ հայցվորը հայցադիմումին կից չի ներկայացրել պետական ֆինանսների կառավարման մարմնին հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկելը հավաստող որևէ փաստաթուղթ, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ հայցադիմումն այս հիմքով նույնպես ենթակա է վերադարձման»։
Փաստաթղթերը կարգավորելուց հետո քաղաքացին կրկին դիմել է վարչական դատարան՝ դատավոր Սամվել Առաքելյանին ներկայացնելով տուրքից ազատելու կամ տարաժամկետելու միջնորդություն:
Այսօր առավոտյան կայացել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի դեմ դատաքննությունը: Գործով վճիռ դեռ չկա:










































