Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների ծրագրի իրագործման ձեռքբերումը համարում է «դիվանագիտության պատմական հաղթանակ»: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով նախարարության տեղեկությանը:
«Այսօրվանից մենք ունենք վստահություն, որ Իրանը հակված է ամբողջությամբ իրացնել Վիեննայում ընդունված բոլոր համաձայնագրերը»,-հայտարարել է Շտայնմայերը:
«Այսօր մենք արդարացիորեն կարող ենք խոսել դիվանագիտության պատմական հաղթանակի մասին: Ինձ համար անձամբ դա մեծ պահ է»,-հավելել է նա:
Շտայնմայերը նշել է, որ առնվազն տեսանելի ապագայում տարածաշրջանում հաջողվել է խուսափել միջուկային զենքի վտանգից: Բացի այդ, նախարարը հույս է հայտնել, որ պատժամիջոցների հանվելուց հետո Իրանի և աշխարհի հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն, եթե նույնիսկ շահերի բախումները մնան:









































