«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
– Ամբողջ աշխարհում նավթի և բենզինի գներն անկում են ապրում, Հայաստանում շատ չնչին տարբերություն է արձանագրվում: Ըստ Ձեզ՝ սա ինչո՞վ է պայմանավորված:
– Հիմնականում մի քանի պատճառ կա: Առաջինը շուկայում ոչ բավարար մրցակցային վիճակն է, երկրորդ՝ Հայաստանի հարկային օրենսդրությունը ֆիքսված գներ է սահմանում՝ հարկման տեսակետից, հետևաբար տարբերությունը էականորեն մեծ չէ, թե գների կտրուկ անկման դեպքում այն ինչպիսի ազդեցություն կունենա մեր բյուջեի վրա, և հետևաբար պետական մարմինն ամենևին շահագրգռված չէ գների իջեցում արձանագրելու ուղղությամբ: Երրորդ կարևոր հանգամանքը՝ հատկապես վերջին ժամանակաշրջանում արագընթաց բորսայական ցուցանիշները ցույց են տալիս, որ նավթի և բենզինի գների անկումները և վերելքները խիստ անկանխատեսելի բնույթ են կրում, ուստի գործարարների առանձին հատվածը չի կարող նման ճկունությամբ միջամտել համակարգին, այսինքն՝ իջեցնել կամ բարձրացնել գները:
Սրա լուծումները կարող են լինել մի քանիսը. թերևս ամենահիմնականն այն է, որ Հայաստանը պետք է անցում կատարի բորսայական համակարգի: Եթե բորսայական համակարգով գնագոյացում տեղի ունենա Հայաստանում, և շուկան բացվի, այսինքն՝ ավելի մրցակցային լինի, վստահ եմ, որ գների որոշակի կտրուկ անկման ականատես կլինենք:
Բայց նաև ուզում եմ տեղեկացնել, որ միջազգային վերջին զարգացումները ցույց են տալիս, որ աշխարհում նոր ազդեցության վերաբաժանումներ են տեղի ունենում, և նավթի գնի նկատմամբ փոփոխությունները ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմնավորումներ ունեն: Այդ տեսակետից՝ չի կարելի կտրուկ ներկայացնել պահանջներ, թե ինչու Հայաստանում անկում չի արձանագրվում: Հաճախ երբ նավթ արտադրող կամ վերամշակող ձեռնարկությունը դուրս է գալիս բորսա և առաջարկում է վաճառքներ և դրա դիմաց ստանում է քաղաքական որոշումներ աշխարհի խոշոր տիրակալների կողմից, նա չի կարող շատ արագ արձագանքել դրան՝ փոխելով այդ վերամշակման կամ հումքի արտադրության, արտահանման ամբողջ սխեման: Սրանք հարցեր են, որոնք ժամանակի ընթացքում պետք է երկիրը մշակի իր համար՝ մի կողմից ավելի կայուն ռազմավարություն, մյուս կողմից այլընտրանքներ՝ այսպիսի ապրանքների մասով: Այլ կերպ ասած՝ էներգառեսուրսների և էներգետիկայի արտադրության ոլորտում մենք կամա թե ակամա դատապարտված ենք այլընտրանքային ռեսուրսների որոնման և արդյունահանման:
– Նախորդ տարի մենք տեսանք, թե ինչ կտրուկ անկում էր նկատվում՝ տրանսֆերտների հետ կապված: Այս տարի ռուբլին շարունակում է արագընթաց անկում ապրել, մինչև ո՞ւր կարող է հասնել ռուբլու արժեզրկումը: Հնարավոր կլինի՞ որոշակի առումով զսպել. նախկինում 1000 ռուբլին 13.000 դրամ էր, այժմ՝ 6000 դրամ է:
– Տրանսֆերտների անկումը հիմնականում պայմանավորված է ռուսական շուկայում ստեղծված իրավիճակով, մասնավորապես միջազգային ճնշումների ներքո ռուսական տնտեսության անկմամբ: Դա հանգեցրել է նրան, որ դրսում աշխատող և եկամուտ ստացող հայերը, ՀՀ քաղաքացիները չեն կարողանում մեծ ծավալով գումարներ փոխանցել Հայաստան: Մյուս կողմից՝ դոլարիզացիայի մակարդակը Ռուսաստանի և նաև մեր երկրների հարաբերություններում չափազանց բարձր է: Ցավոք սրտի, դրան նպաստում է նաև այն քաղաքականությունը, որի համաձայն՝ հիմնական հումքային ապրանքատեսակները Հայաստանը ստանում է և գնանշումը Հայաստանի համար կատարվում է դոլարով: Սա նշանակում է, որ մենք երկրորդ հարվածն ենք ստանում, երբ ռուբլին վերածվում է դոլարի, դոլարը՝ դրամի, հետո դրամը նորից վերածվում է ռուբլու, ռուբլին՝ դոլարի, և վճարում է կատարվում ռուսական կողմին: Սրա համար կա կոնկրետ գործողություն, և այդ գործողության մասին, ես որքանով տեղյակ եմ, Հայաստանի վարչապետը բարձրաձայնել է, և շատ լավ կլինի, որ առաջիկայում լուծում ստանա այդ հարցը. մասնավորապես հիմնական հումքային արտադրատեսակի մասով մենք կարողանանք անցում կատարել ռուբլիով գնանշման և դրամային վճարման համակարգի:
– Որքա՞ն կարող է արժեզրկվել ռուբլին: Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ռուբլի ունեն:
– Թե որքան կարժեզրկվի ռուբլին, անկանխատեսելի է. դա ուղղակիորեն կախված է ոչ թե Հայաստանի տնտեսագետների վերլուծություններից, այլ կախված է մի կողմից միջազգային խաղացողների քաղաքականության որոշումներից, մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսության ֆունդամենտալներից. այդ ֆունդամենտալները, բնականաբար, հանքահումքային տնտեսության ֆունդամենտալներն են: Որքան պաշար և ինչպիսի սխեմա է նախատեսում Ռուսաստանը. դա արդեն իրենց հարցն է:
Արտարժույթ ունեցող մեր քաղաքացիները պետք է ձևավորեն զամբյուղ՝ իրենց գումարը տարբեր արտարժույթների վերածելով՝ ռուբլու, դոլարի, ֆունտ սթեռլինգի, եվրոյի, որպեսզի հավասարակշռեն, չնվազեցնեն իրենց եկամուտները, ավելին՝ պաշտպանեն կորուստներից և տատանումներից վնասներ չկրեն:









































