«Ռուսական կողմը դեռևս չի դադարել գործոն լինելուց, որովհետև դատաքննությունն անցկացվում է ռուսական բազայի տարածքում, և Ավետիսյանների սպանության գործով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ, ըստ էության, ռուսական կողմը ոչ միայն ներկա է, այլ նաև վերահսկում է գործողությունները: Սա փաստ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նշվում էր, որ Պերմյակովը անձամբ ասել է, որ մտել է Ավետիսյանների տուն և ջուր է խնդրել: «Պերմյակովը պատմում է, բայց կասկածյալի կամ մեղադրյալի ցուցմունքները հիմք չեն, Պերմյակովի ասածները հիմնավորող այլ ապացույցներ գործում չկան»,- նշեց Արթուր Սաքունցը:
Նրա դիտարկմամբ՝ քննչական մարմինը պարզագույն հարցերին ուշադրություն չի դարձրել, առկա է հակասությունների մի ամբողջ փունջ. «Առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնք իրավական դաշտում չեն գտնվում, այլ գտնվում են միջպետական հարաբերությունների դաշտում»:
«Ըստ պաշտոնական վարկածի, գումար և հագուստ վերցնելու նպատակով է մտել: Եթե դա էր դրդապատճառը, ապա ցանկացած տեղ կարող էր գնալ, սպանություն կատարել և վերցնել: Ինչո՞ւ պետք է այդքան երկար ճանապարհ անցներ: Եթե ամենից հեշտ տարբերակն է փնտրել, որ դուռը բաց լինի, ապա այդ դեպքում՝ նման հստակ դրդապատճառի պարագայում ինչո՞ւ է ռուսական կողմը շարունակում Պերմյակովին թաքցնել հայկական արդարադատությունից. այն, ինչ հիմա կատարվում է, դա նշանակում է խոչընդոտել արդարադատության իրականացումը, այսինքն՝ ոչ միայն նախաքննության փուլում, այլ նաև արդարադատության փուլում է ռուսական կողմը Պերմյակովին պահում իր հսկողության տակ»,- նշեց Ա. Սաքունցը, որը հանդես է գալիս նաև որպես տուժողների իրավահաջորդ:
Ա. Սաքունցն անդրադառնալով «Odnoklassniki. ru» կայքում զետեղված այն գրառմանը, ըստ որի՝ Պերմյակովը համաձայնագիր է կնքել սատանայի հետ, նշեց. «Դա իրապես կա գործի նյութերում, գրառումը կատարվել է 2013թ., դրանից հետո Պերմյակովի վարքագծի մեջ որևէ փաստ չկա դրա վերաբերյալ»:
«Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը հասավ ոչ թե նրան, որ Պերմյակովը հանձնվի Հայաստանի արդարադատությանը, այլ Հայաստանի արդարադատությունը հանձնվեց ռուսական ռազմաբազայի տնօրինությանը,- մտահոգություն հայտնեց Ա. Սաքունցը,- այս իրավիճակում մենք լուրջ մտահոգություններ ունենք պատշաճ արդարադատություն իրականացնելու համար: Եթե այսպես գնա, ապա Պերմյակովի պաշտպանները բոլոր հիմքերն ունեն բողոքարկելու ցանկացած վճիռ, որով Պերմյակովը կարող է ճանաչվել մեղավոր: Նման անհետևողական, անսկզբունքային, անգրագետ, անարժանապատիվ մոտեցումը, ըստ էության, իրավական բոլոր հիմնավորումները դնում է մի կողմ, և ՀՀ քաղաքացու խախտված իրավունքը վերականգնելու որևէ հնարավորություն չի լինում: Այստեղ պատասխանատվությունը կրում է ՀՀ իշխանությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































