«Որ ռուս-թուրքական լարվածությունը Հայաստանի համար որոշակի խնդիրներ է առաջացնում և առաջացնելու՝ միանշանակ է: Բայց ես կարծում եմ, որ դա նաև մեծ հնարավորությունների շրջան կարող է լինել Հայաստանի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ այսպես թե այնպես, Հայաստանն արդեն իսկ ներգրավված է այդ հակամարտության մեջ: «Սակայն այդ ամբողջ լարվածության մեջ մենք մեկ-երկու լավ բան արդեն ունենք»,- նկատեց Արա Պապյանը՝ հիշեցնելով Պուտինի խոսքը, թե՝ «մենք պատրաստ էինք թուրքերին ընդառաջ գնալու բավականին նուրբ հարցերում այնքան, ինչքան մինչև իսկ Թուրքիայի դաշնակիցները պատրաստ չէին»: Մեր զրուցակիցը համարում է, որ այդ «ընդառաջ գնալը» լինելու էր մեր հաշվին, ամենայն հավանականությամբ՝ Ղարաբաղյան հարցում:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ռուս-թուրքական լարվածությունը կմեծանա. «Երկու կողմերն էլ գնում են բախման: Սակայն Ռուսաստանը ամեն դեպքում փորձում է հարցը լուծել ուրիշների միջոցով՝ խուսափելով առճակատումից: Եվ եթե Հայաստանը պետք է ներքաշվի հակամարտության մեջ, գոնե պետք է իմանա հանուն ինչի՝ ինչ է լինելու դրա գինը, և ինչ պետք է ինքը ստանա»:
Արա Պապյանի համոզմամբ՝ այժմ իսկ Հայաստանը պետք է հնչեցնի որոշակի պայմաններ:
Հարցին՝ ինչո՞ւ է այդ հակամարտությունը բացասաբար ազդում Երևանի վրա, ինչի մասին նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը, Արա Պապյանը պատասխանեց. «Որևէ միակողմանի կողմնորոշում բերում է նրան, որ այդ մեկ կողմի հակառակորդները ինքնըստինքյան դառնում են քո հակառակորդները: Իսկ քանի որ Հայաստանը սպասարկում է Ռուսաստանի շահերը, ուստի արևմտյան երկրները շահագրգռված չեն Հայաստանի հզորացմամբ: Եվ հաճախ նրանց համար Ռուսաստանի դեմ պայքարելն ավելի դժվար է լինում, քան Հայաստանի»:
Արա Պապյանի կարծիքով՝ 2016-ը ավելի բախումնային է լինելու, քան 2015-ը:
Անդրադառնալով ԼՂ հարցին՝ մեր զրուցակիցն ասաց. «Այն, որ բանակցված խաղաղությունը անհնար է դարձել՝ արդեն պարզ է: Այսօր հիմնական խնդիրն այն է, որպեսզի առճակատումն ավելի մեծ ծավալներ չստանա: Թեև ցավոք սրտի, զոհեր կան և կլինեն, բայց մենք անցանք մեծ պատերազմի ամենավտանգավոր շրջանը: Սա մարմրող հակամարտություն է»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերմունքին Հայաստանի նկատմամբ, Արա Պապյանը համարում է, որ այդ երկիրը չունի ավանդույթ իր դաշնակիցների հետ վարելու հավասարը հավասարի քաղաքականություն, մանավանդ՝ Հայաստանի անմնացորդ նվիրվածության պայմաններում, ինչի պատճառով մենք հաճախ տուժում ենք և տուժելու ենք. «ԵՏՄ անդամակցության պատճառով մենք հաստատ այսօր ավելի շատ տնտեսական խնդիրներ ունենք: Այս անգամ էլ ռուսները մեզնից հավատարմության տուրք ուզեցին: Բայց դա պետք է գնահատվի, հակառակ դեպքում դաշնակցային հարաբերություններ չեն լինում»:










































