ՄԱԿ-ի մարդասիրական օգնությամբ շարասյունը երկուշաբթի ուղևորվել է կառավարական զորքերի կողմից պաշարված սիրիական Մադայա քաղաք՝ հայտնում է TASS-ը:
Ինչպես հաղորդվում է՝ քաղաք կհասցվի սննդամթերքի և դեղորայքի մեկ ամսվա պաշար: Օգնություն կհատկացվի նաև ապստամբների կողմից պաշարված երկու գյուղերի:
Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը թույլ էր տվել մարդասիրական օգնություն տրամադրել Մադայային:
Քաղաքը արդեն մի քանի տարի գտնվում է «Սիրիական ազատ բանակի» ապստամբների վերահսկողության ներքո: Այն բազմիցս ենթարկվել է գնդակոծությունների, քաղաքի ենթակառուցվածքները, ակտիվիստների խոսքով, ողբալի վիճակում են:
«Սիրիական ազատ բանակը» ապստամբների խմբերի միավորում է, որոնց մի մասը ռազմական օգնություն են ստանում Արևմուտքից և այլ երկրներից՝ հանդես գալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ:









































