Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Միխեիլ Ջանելիձեն նշանակումից հետո առաջին անգամ հանդիպել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելիի հետ: Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել հունվարի 8-ին: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին:
Յանոշ Հերմանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բարեփոխումների արդյունավետ իրականացման մեխանիզմները, որոնք նախատեսված են Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման օրակարգով: Կողմերն ընդգծել են ԵՄ-ի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման կարևորությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի տարածաշրջանային և տարանցիկ նշանակությանը, ինչպես նաև այդ ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը:
Յան Քելիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության հիմնական ուղղությունները՝ ռազմավարական գործընկերության մասին Խարտիայի շրջանակներում, ինչպես նաև փոխհարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Կողմերն ընդգծել են ԱՄՆ-ի՝ որպես Վրաստանի ռազմավարական գործընկերոջ, դերը եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում:









































