Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը համանուն տեղեկատվական գործակալության սեփականատերն է, դիտարկում է ԱՄՆ նախագահական ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը՝ որպես անկախ թեկնածու: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
73-ամյա Բլումբերգը, ով 2002-2013թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը, իր օգնականներին հանձնարարել է պոտենցիալ ընտրողների շրջանում անցկացնել հասարակական կարծիքի հարցում՝ պարզելու նպատակով, թե ինչպիսին են իր հնարավորությունները, եթե որոշի մասնակցել նախագահական ընտրապայքարին:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ Բլումբերգին կարող է ոգևորած լինել Թրամփի ժողովրդականության աճը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների ընտրարշավին մասնակցում են տասից ավելի թեկնածուներ: Դեմոկրատների անվիճելի ֆավորիտը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է, իսկ հանրապետականների շրջանում առաջատարը Դոնալդ Թրամփն է:







































