ԱՄՆ Պետդեպարտամենտի 3 ներկայացուցիչներ մայիսի 8-ին ելույթ կունենան Կոնգրեսում, որպեսզի ցուցմունք տան Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանի վրա զինված հարձակման գործով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Հարձակումը տեղի է ունեցել 2012-ի սեպտեմբերին, զոհվել են ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենս ու ևս 3 մարդ: Այս դեպքից հետո ԱՄՆ վարչակազմը բազմիցս քննադատությունների է ենթարկվել: Այսպես, կոնգրեսականները պնդում են, որ իշխանությունները միջադեպի մասին ունեցել են անհրաժեշտ տեղեկությունը, իսկ հարձակման նախաշեմին չեն ուժեղացրել անվտանգության միջոցառումները՝ չնայած քաղաքական գործիչների բազմաթիվ խնդրանքներին:
«Վկաները Բենղազիում կատարվածի վերաբերյալ կարևոր տեղեկության են տիրապետում, որը տարբերվում է վարչակազմի տեսակետից»,- ասել է Կոնգրեսի գլխավոր հանձնաժողովի նախագահ Դարեի Իսան:
Լսումներին կմասնակցեն Գրեգորի Հիքսը՝ հարձակման ժամանակ Տրիպոլիում ԱՄՆ դեսպանի տեղակալը, Մարկ Թոմփսոնը՝ Պետդեպի հակաահաբեկչական բյուրոյի կորդինատորի տեղակալը և Էրիկ Նոդսթերմը, ով այն ժամանակ պատասխանատու էր ԱՄՆ քաղաքական գործիչների անվտանգության համար:









































