Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուն հայտարարել է, որ Խուրգադայում Bella Vista հյուրանոցի վրա զինված հարձակումն ահաբեկչական հարձակում չի եղել: Նրա խոսքով՝ դա կողոպուտի փորձ է եղել, հայտնում է Elwatannews.com-ը:
«Նման դեպքերը բացասաբար են ազդում երկրի զբոսաշրջային ոլորտի վրա»,- նշել է նա: Նախարարի խոսքով՝ այդպիսի դեպքերը «չեղարկում են երկիր օտարերկրացի զբոսաշրջիկների ներգրավմանն ուղղված իշխանությունների բոլոր ջանքերը»:
Associated Press-ը, հղում անելով Եգիպտոսի ՆԳՆ-ին, նշում է, որ դանակներով ու ատրճանակներով զինված 2 տղամարդ ներթափանցել են լողափին գտնվող հյուրանոցի ռեստորան: Հյուրանոցի աշխատակցի խոսքով՝ հանցագործներից մեկը փորձել է մի կնոջ գերի վերցնել:
Իրավապահներին հաջողվել է կանգնեցնել և բռնել հարձակվողներին: Փոխհրաձգության հետևանքով հանցագործներից մեկը սպանվել է, երկրորդը՝ վնասվածք ստացել: Սպանվածը 21-ամյա ուսանող Մոհամմեդ Հասսան Մոհամմեդ Մահֆուզն է Կահիրեից: Նրա հանցակիցը ձերբակալվել է:
Եգիպտոսի ՆԳՆ-ում նշել են, որ վերջին տվյալներով՝ հյուրանոցի կենվորներից վնասվածքներ է ստացել 3 մարդ՝ 2 ավստրիացի և Շվեդիայի քաղաքացի:
Ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Եգիպտոսի հանգստավայրերում և դրա մակարդակը բարձրացրել է մինչև «G»:









































